Jump to content

Լևոն Հայրապետյան (բարերար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Հայրապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Հայրապետյան
Դիմանկար
Ծնվել է1949թ. մարտի 12
ԾննդավայրՎանք, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 18, 2017(2017-10-18)[1] (68 տարեկան)
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող, փիլիսոփա և գործարար
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Պատվո շքանշան

Լևոն Գուրգենի Հայրապետյան (մարտի 12, 1949(1949-03-12), Վանք, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 18, 2017(2017-10-18)[1]), հայ մեծանուն բարերար,բարեգործ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1949 թվականի մարտի 12-ին Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում։

Հայրական կողմից նշանավոր Հասան-Ջալալյան իշխանական տոհմի սերունդ է, իսկ մայրական կողմի տատիկը մեծանուն հայ զորավար,սպարապետ Գարեգին Նժդեհի ավագ քույրն է։

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես լրագրող աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ» թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։ «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Զբաղվել է նավթի վաճառքի հետ կապված բիզնեսով։

Բարեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանավորներից մեկը։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։ Լևոն Հայրապետյանը իր վրա է վերցրել նաև «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։

2007 թվականին Լևոն Հայրապետյանը ֆինանսավորեց 2,5 միլիոն մ3 տարողությամբ ջրամբարի կառուցումը Խաչեն գետի վրա։ Միայն 26 մ բարձրությամբ ամբարտակի կառուցումը բարերարին արժեցավ 7 միլիոն դոլար։ Ապագա ջրամբարի շուրջ որոշված էր տուրիստական ենթակառուցվածքների և հանգստյան գոտիների կառուցումը։ «Մենք կկարողանանք լուծել մի քանի խնդիր միանգամից՝ ձեռք բերել քաղցրահամ ջրի ահռելի պաշարներ, արտադրել էլեկտրաէներգիա, աշխատանքով ապահովել մոտակա բոլոր գյուղերի բնակիչներին և աջակցել զբոսաշրջության զարգացմանը»,-մեկնաբանեց Լևոն Հայրապետյանը[2]։

Նույն 2007 թվականին Լևոն Հայրապետյանը կազմակերպեց Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսիայի, Մերձդնեստրի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի կազակների այցը Հայաստան և Արցախի Հանրապետություն՝ ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ, իշխան Վալերիան Մադաթովի 225-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում։

2008թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել է Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։ Երիտասարդներից յուրաքանչյուրն ուներ իր տեղը մարզադաշտում գցված սեղանների շուրջ։ Յուրօրինակ այս հարսանիքը հավատարիմ էր մեր ազգային ծիսակարգին։ Մնացած հյուրերն արարողությանը հետևել են մերձակա բլուրներից։

Այս նախաձեռնության իրականացման համար «Լևոն Հայրապետյան» ֆոնդի միջոցներով իրականացվեց Վերածննդի հրապարակից մինչև Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ ձգվող աստիճանների լիակատար վերանորոգում։ «Մեր նպատակը Ղարաբաղի ժողովրդագրական զարգացման խթանումն է։ ԼՂՀ բնակչությունը պետք է կազմի 300 հազարից ոչ պակաս։ Հովանավորներից յուրաքանչյուրը կդառնա մի քանի ընտանիքի քավոր, իսկ քավոր լինելն արդեն որոշակի պարտավորվածություն է։ Ընտանիքում ծնված առաջին երեխային կտրվի 2 հազար դոլլար, երկրորդին՝ 3 հազար, երրորդին՝ 5 հազար, չորրորդին՝ 10 հազար, վեցերորդին՝ 50 հազար և յոթերորդին՝ 100 հազար դոլար գումար»,- նշել է գործարարը[2]։

Հայրենի Վանք գյուղում հիմնել է հյուրանոցային համալիրներ, բանկեր, հանդիսությունների սրահ, բարեկարգել է Արցախի կենդանաբանական և բուսաբանական այգիները, վերակառուցել է Արցախի բազմաթիվ միջպետական և հանրապետական ավտոճանապարհներ։

Հայրապետյանի առաջնային ծրագրերից է համարվում Արցախում ռազմական ակադեմիայի հիմնումը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության համար բարձրաստիճան սպայակազմի պատրաստումը։ 2012 թվականին Լևոն Հայրապետյանը իրագործեց նախաձեռնությունը և ֆինանսավորեց ռազմական ուսումնարանի կառուցումը Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում, որտեղ, այդ թվում, կտեղակայվի գործող ռազմական գիմնազիա։

Ձերբակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Լևոն Հայրապետյանին ձերբակալել են, ուր նա ժամանել էր Մոնակոյից։

2023 թվականին, Երևան քաղաքի ավագանու որոշմամբ, Երևանի Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցն անվանակոչվել է Լևոն Հայրապետյանի անունով[4]։Լևոն Հայրապետյանի ավանդը Արցախի Հանրապետության կայացման և զարգացման մեջ անգնահատելի և անգերազանցելի է։

Իր բարերարությունների,նվիրատվությունների և հայրենասիրական գործունեության շնորհիվ հասարակության լայն շրջանակների կողմից համարվում է հզոր անհատականության տեր,հայրենիքին նվիրված մեծ վաստակ ունեցող բարերար և գործիչ,ով իր արարքներով մեծ հետք ու անուն է թողել սերունդների հիշողության մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]